Վիրավորանքն ու այլատյացությունը Հայաստանում աճել են, հատկապես` սոցիալական կայքերում

Վիրավորանքը, ատելությունն ու անհանդուրժողականությունը տարածվում են հատկապես սոցիալական ցանցերում ու հատկապես կեղծ օգտատերերի կողմից։ Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ դեպքեր է արձանագրել ու անհանգստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում վիրավորանքի և այլատյացության աճ կան։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով իր ղեկավարած գրասենյակի դիտարկման արդյունքները։

ՄԻՊ–ը սկսում է ընտրական գործընթացի շուրջօրյա դիտարկումը

«Ցավոք սրտի, մենք ունենք այս ոլորտում վիրավորանքի, այլատյացության աճ։ Ես սա համարում եմ մտահոգիչ, և կարծում եմ, որ դա ազդում է նաև խոսքի ազատության վրա։ Իսկ վիրավորանքը, ատելության խոսքի դրսևորումները, որ կան սոցիալական ցանցերում, հատկապես կեղծ օգտատերերի կողմից, հատկապես մտահոգիչ են։ Եվ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, այլատյացությունը կամ վիրավորանքը շատ դեպքերում տարածվում են կեղծ հաշիվների կողմից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի 3 օրերի ընթացքում արձանագրված խախտումներին, Թաթոյանն ասաց, որ այդպիսիք կան, բայց առայժմ չեն հրապարկվում։ ՄԻՊ–ը խոստացավ արձանագրված բոլոր դեպքերի մասին պաշտոնական հայտարարությամբ ամբողջական գնահատական ներկայացնել ավելի ուշ։

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով: