Հայ–վրացական սահման տանող ճանապարհը փակել են և Փաշինյանին են սպասում

Աջ ղեկով մեքենաներ ներկրողները պատրաստ են բացել ճանապարհը, բայց միայն Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները (ավելի քան 50 ներկրող) փակել են Բագրատաշենի հսկիչ անցակետ տանող Ալավերդի–Նոյեմբերյան ավտոճանապարհի հատվածը։ Նրանք սպասում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը` «Ավտո Գարանտ» ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը։

«Փաշինյանի հետ հանդիպմանն ենք սպասում օդում կախված մեր հարցը լուծելու համար։ Պահանջում ենք վերացնել արգելքը, որը ոչ մեկին պետք չէ», – ասաց Սարգսյանը։

Հարցին, թե ինչու է փակ ճանապարհահատվածի այս մասը, Սարգսյանը պատասխանեց, որ սա ամենահարմար պահն է Փաշինյանին հանդիպելու համար, քանի որ նա նախընտրական արշավի շրջանակում պատրաստվում է այս մարզ այցելել։

Հայ–վրացական սահման տանող ճանապարհը փակել են և Փաշինյանին են սպասում

Հիշեցնենք` ներկրողները բազմաթիվ անգամ սպառնացել են կաթվածահար անել հայ–վրացական սահմանի աշխատանքը։ Հոկտեմբերին և նոյեմբերին նրանք մի քանի բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի սահմանային հսկիչ անցակետում։

Աջ ղեկով ավտոմեքենա ներմուծողներին երեք տարբերակ է առաջարկվում. ո՞վ կշահի դրանից

Դրանից հետո մի շարք քննարկումներ են անցկացվել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում։

Ներկրողների հետ վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 30-ին նախարարությունում։ Նոյեմբերի 7-ին նախարարությունը հավանության է արժանացրել ներկրողների առաջարկները, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը։

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Ներկրողները պահանջում են չեղարկել արգելքը, քանի որ նրանք մեծ վնասներ են կրում։ Ավելի քան 2500 ավտոմեքենա ներկա պահին Վրաստանի տարբեր քաղաքներում են, մոտ 150 մեքենա` հայ-վրացական սահմանի չեզոք գոտում։ Ավտոմեքենաները չեն կարողանում Հայաստան բերել արգելքի պատճառով։

Նշենք, որ Ճապոնիայից Հայաստան բերվող ավտոմեքենաների մեծ մասը C, E, A դասի Mercedes-ներ են կամ BMW, Nissan Teana, Mitsubishi Io, Subaru Forester մակնիշի ավտոմեքենաներ։