Հայկ Մարությանը կրճատել է իր խորհրդականներին և օգնականներին

Երևանի քաղաքապետարանում կադրային փոփոխություններ են տեղի ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատակազմի օպտիմալացման գործընթացը սկսել է իր խորհրդականներից և օգնականներից։ Այս մասին նա հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ նիստին։

«9 խորհրդականի փոխարեն հիմա 7-ն են, իսկ 5 օգնականի փոխարեն 1-ը», – նշեց քաղաքապետը։

Ավագանու անդամ Արման Աբովյանն իր հերթին հայտարարեց, որ բարեփոխումները քաղաքապետարանում չպետք է կադրային ջարդի վերածվեն։

Բանավեճ Երևանի ավագանիում. ո՞ւմ պատվին վերանվանեցին Բաղրամյան պողոտայի մի հատվածը

Երևանի ավագանու անդամների քննարկումը բուռն բնույթ ստացավ, երբ սկսեցին խոսել ավագանու անդամին վճարել–չվճարելու մասին։ «Իմ քայլը» խմբակցության անդամները քննարկումը սկսեցին` քաղաքապետարանի աշխատանքն առաքելություն է դատողությամբ և ավարտեցին հարցն ավելի լայն քննարկման տանելու առաջարկով։

Ի տարբերություն իրենց գործընկերների, «Լույս» դաշինքի անդամներն հարցն էմոցիոնալ հիմքերի վրա չդրեցին։ Հատկապես Անի Սամսոնյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի չափով (55 հազար դրամ) փոխհատուցումը որևէ դրական բանի չի բերի։ Ավելին` նա առաջարկեց կրճատել ավագանու անդամների թիվը, իսկ մնացածին արժանի աշխատավարձ տրամադրել։

«Պետք է պրոֆեսիոնալ թիմ աշխատի, որն արժանի աշխատավարձ կստանա»,–նշեց նա։

Սամսոնյանի միտքը պաշտպանեց «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Արման Աբովյանը, ով նշեց, որ Թբիլիսիում կա ավագանու 50 անդամ, որոնք վճարվում են պետական բյուջեից։