Սորոսը լքում է Թուրքիան

Թուրքիայի նախագահի պահանջով Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը հեռանում է Թուրքիայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է Թուրքիայի տարածքում գործունեությունն ու հեռանում այդ երկրից: Հայտնում է The Guardian-ը։

Ըստ պարբերականի՝այդ որոշումը պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սորոսի հասցեին հնչեցրած մեղադրանքներով առ այն, որ Սորոսն իր կազմակերպության միջոցով փորձում է պառակտություն մտցնել ու կործանել ազգերը:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ

«Թուրքիայում տեղի ունեցած որոշ բողոքի ակցիաների մասնակիցներ ֆինանսավորվել են Սորոսի հիմնադրամի կողմից»,– ասել էր Էրդողանը` ակնարկելով 1 տարի առաջ կալանավորված հայտնի գործարար Օսման Քավալային, ում Էրդողանը մեղադրել էր 2013թ.-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներ տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ:

Ի պատասխան «Բաց հասարակության հիմնադրամները» հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ անհիմն մեղադրանքների թիրախ է դարձել, ինչի պայմաններում անհնար է համարում Թուրքիայում կազմակերպության հետագա գործունեությունը:

«Բաց հասարակության հիմնադրամները» հիմնադրվել է 1984 թ.-ին Ջորջ Սորոսի կողմից, ով այդ նպատակի համար  ֆինանսական շուկաներում ձեռք բերված իր ունեցվածքից 32 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել։

Հայաստանում հիմնադրամը գործում է 1997թ.-ից։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանին տրամադրվել է 47.7 մլն դոլարի աջակցություն` ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, մարդու իրավունքների, առողջապահության ոլորտների ծրագրերին աջակցելու համար։