Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Վանաձորում խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնի և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ՀԱՊԿ-ի, ինչպես նաև երկկողմ մակարդակով: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորում այս մասին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

ՀԱՊԿ–ում բոլոր հարցերը կլուծվեն կոնսենսուսի միջոցով. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին։

«ՀԱՊԿ-ում բուռն քննարկումներ են տեղի ունենում, որի իմաստը անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է: Օրինակ` դուք գիտե՞ք, թե ՀԱՊԿ-ը մեր նկատմամբ ինչ պարտավորություն ունի, մենք իր նկատմամբ ինչ պարտավորություն ունենք: Մեզ համար այնքան էլ ընդունելի չէ և պարզ չէ, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին: Սա լուրջ մարտահրավեր է, և մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ այս թեման պարզ, շիտակ քննարկել, որպեսզի մենք մեր անելիքները իմանանք: Իմանանք՝ ում վրա պիտի հույս դնենք, ում վրա չդնենք»,– ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ քաղաքականության տրամաբանությունը ընդհանրապես պետք է լինի այն, որ հույսը դնենք մեզ վրա։ «Իսկ դրա համար պետք է ուժեղանանք»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարտի 1–ի գործով Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հեռացվել էր պաշտոնից: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշումը կայացվելու է ավելի ուշ՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

ՀԱՊԿ-ում գոյացած հարցերը պետք է ստանան կոնկրետ պատասխաններ և հստակեցումներ. Փաշինյան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին ասել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Բելառուսին անցնի այբբենական կարգով` բացատրելով դա նրանով, որ Հայաստանի ներկայացուցիչ լինելու դեպքում նոր գլխավոր քարտուղարը մնացած ժամանակահատվածում չի հասցնի լիարժեք տիրապետել իրավիճակին։ Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեսախցիկների առջև Ադրբեջանի դեսպանին հայտնել էր Աստանայում տեղի ունեցած փակ քննարկման մանրամասները։

Ի պատասխան սրա` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ պարզաբանումներ կպահանջի, քանի որ երկու գործընկերների պահվածքը հակասում է նրանց պայմանավորվածություններին։ Աստանան չի պատասխանել, իսկ Մինսկը արձագանքել է ԱԳՆ ներկայացուցիչ Անատոլի Գլազի շուրթերով։ Վերջինս, շրջանցելով հարցի բուն էությունը, փաստորեն կշտամբել էր ՀՀ առաջնորդին «միջազգային դատախազի» գործառույթներն իր վրա վերցնելու ձգտման համար։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը կրկին անդրադարձել էր այդ թեմային` ասելով, որ թույլ չի տա որևէ մեկին անտեսել Հայաստանի շահերը։