ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ֆիթնես բիկինիի բացարձակ չեմպիոն, Բրյանսկի շրջանի ֆիթնես բիկինիի քառակի չեմպիոն Միլինա Մինասյանը պատմական հայրենիքում իրեն զգում է ինչպես մեծ ընտանիքում, որտեղ չկան խիստ կանոններ, պաթոս ու պատնեշներ մարդկանց միջև։ Այս մասին Միլինան խոստովանել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նա վերջին անգամ Հայաստանում էր եղել 2002 թվականին ու դեռ այն ժամանակ շատ էր զարմացել հայրենիքում կատարված փոփոխություններից։ Միլինան այս անգամ չորս օր է անցկացրել Հայաստանում ու քիչ բան է հասցրել տեսնել. Նորավանք է գնացել ու զբոսնել է Երևանում։
Ամենից շատ նրան դուր են եկել մարդկանց փոխհարաբերություններն ու երկրում տիրող ազատությունը։
«Այդ «խառնաշփոթն» իր հմայքն ունի, ու հենց այդ պատճառով էլ նորից ու նորից եմ ուզում վերադառնալ։ Չգիտեմ` այլ երկրներում ինչպես է, բայց Ռուսաստանում դրա պակասը շատ է զգացվում», – ասաց Միլինան։
Իհարկե, նրան ուրախացրել է նաև, որ չեմպիոնի տիտղոս է նվաճել Հայաստանում։ Այդ իրադարձությունն իսկապես հուզել է նրան։
«Չեմ կարող փոխանցել բոլոր հույզերս», – ասաց նա։
Հայաստանի չեմպիոնն արդեն տևական ժամանակ է` ֆիթնեսով է զբաղվում։ Հիմա նա ինքն է մարզում ուրիշներին և աշխատում է սպորտային ակումբում։ Դիետոլոգիա է դասավանդում մոդելային գործակալությունում և շատ է սիրում պարել, բայց ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հազվադեպ է հաջողվում դա անել։
«Սիրում եմ աշխատանքս ու այն ամենը, ինչով զբաղվում եմ», – ասաց Միլինան։
Նա ուզում է կրկին Հայաստան գալ ու տեսնել հայրենիքի տեսարժան վայրերը։ Երևանը նրա համար հայրենի քաղաք է դարձել, ու Միլինան չի թաքցնում դա։
Ավելի վաղ նա Հայաստանից մի շարք լուսանկարներ էր հրապարակել` իր բաժանորդներին հայտնելով, որ Հայաստանի ֆիթնես բիկինիի չեմպիոն է դարձել։