Բանավեճ Երևանի ավագանիում. ո՞ւմ պատվին վերանվանեցին Բաղրամյան պողոտայի մի հատվածը

Բաղրամյան պողոտայի մի մասը վերանվանելու նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ Երևանի ավագանու նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Բաղրամյան պողոստայի առաջին փակուղին անվանակոչվեց հայտնի իրավաբան և «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի պատվին։ Այսօր համապատասխան որոշում կայացրեց Երևանի ավագանին։

Հայկ Մարությանը կրճատել է իր խորհրդականներին և օգնականներին

Լեմկինը ՄԱԿ–ի` ցեղասպանությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նախագծի հեղինակն է։ 1944 թվականին ստեղծել է «ցեղասպանություն» հասկացությունը։ Ընդ որում նա ցեղասպանության օրինակ է նշել հայերի` 1915 թվականի կոտորածը։

Փողոցի հատվածը վերանվանելու հարցի ժամանակ բուռն քննարկում ծավալվեց Երևանի ավագանու նիստում։ «Լույս» խմբակցությունը դեմ էր առաջարկին, քանի որ կառավարության որոշման համաձայն` փակուղիները չեն վերանվանվում։ Փոխարենը խմբակցության անդամներն առաջարկեցին վերանվանել մեկ այլ փողոց։

«Ինչպես ենք բացատրելու զբոսաշրջիկներին, որ փակուղին Լեմկինի պատվին են անվանել, որպեսզի նրան հարգանքի տուրք մատուցենք», – նշեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանն իր հերթին հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայի այդ հատվածը նախկինում փակուղային էր, իսկ հիմա այնտեղ առնվազն չորս հետիոտնային ելք կա, հետևաբար անվանափոխումն օրինական է։ Ավելին` այդ հատվածը փողոց է դառնալու։

Որոշումն ընդունվեց 46 կողմ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 որոշմամբ: