Ինչ պետք է չանի ընտրողը քվեարկության ժամանակ. կարևոր հիշեցում ՔԿ–ից

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքում անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

ԱԺ ընտրություններին ընդառաջ. ուղեցույց ընտրողների համար

Այսինքն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով քվեարկության արդյունքը ընտրողին հայտնել հարկադրելու, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելու, առանց ընտրական հանձնաժողովի համապատասխան թույլտվության հարազատին կամ մտերիմին օգնելու նպատակով՝ քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելու, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով քվեարկության գաղտնիությունը խախտելու համար քրեական օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն:

Վերը նշված արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է համարվում բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի)համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը:

Նշված արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: