ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Բնակարանների գործարքների առք ու վաճառքի թիվն այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.1, մարզերում 26 տոկսով։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Առք ու վաճառքի ակտիվացումն անշարժ գույքի շուկայում նաև գնաճ է առաջացրել, որն ըստ Պետրոսյանի ,միայն Երևանի կենտրոնում կազմել է 23 տոկոս։
Գործարքների ակտիվացումն ու գների աճը Սարհատ Պետրոսյանը մեկնաբանում է քաղաքական իրադարձությունների արդյունքում տնտեսության ոլորտում ձևավորված դրական սպասումներով, որոնք կարող են ավելի կայունանալ հատկապես ընտրություններից հետո։
«Աճը կշարունակվի հատկապես ընտրություններից հետո` դեկտեմբերին, որ միշտ լինում է ռեկորդային։ Նոր տարվա մոտ գործարքները, որպես կանոն, ակտիվանում են։ Բայց հունվար փետրվարին էլ կշարունակվի նույն տեմպը»,– ասաց Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է մարզային բնակավայրերում արձանագրված աճին, կադաստրի ղեկավարը խոստովանում է, որ այդ միտումը հիմնականում վերաբերում է Երևանին հարակից մարզերին ու բնակավայրերին, մինչդեռ ավելի հեռավոր մարզերում աճը 1-2 տոկոսի սահմաններում է։
«Հիմնական ակտիվությունը Երևանին մոտ մարզերում է` Արարատում, Արմավիրում, Կոտայքում։ Պետք է հաշվի առնել, որ այս մարզերը կրում են մայրաքաղաքի ազդեցությունը»,– ասաց նա։
Անդրադառնալով հանրապետությունում առկա մաշված, հին բնակֆոնդին ու դրանց կադասրտրային արժեքներին` Սարհատ Պետրոսյանը համաձայնեց դիտարկմանը, որ դրանք իրականում չեն համապատասխանում կադաստրային արժեքին։
«Կադաստրային արժեքներն այսօր 2000-ականների սկզբում ընդունված գներն են, որոնք չեն արտացոլում այդ գույքի իրական, շուկայական արժեքը»,– ասաց նա և տեղեկացրեց` կոմիտեն սկսել է շուրջ 1000 գույքի ուսումնասիրման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է կադաստրային գները մոտեցնել շուկայականին։
Սարհատ Պետրոսյանի հաշվարկով` այս գործընթացը կավարտվի մարտ ամսին, որից հետո կվերանայվի տեղանքի գոտևորման համակարգը, կառավարությունն էլ կկարողանա շուկայականին մոտ տրամաբանությամբ հարկել անշարժ գույքը։