Ի՞նչ է իրականում տեղի ունենում հայ–վրացական սահմանին. պարզաբանում են փոխադրողները

Փոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Sputnik Արմենիային ասել են` ինչ է հիմա կատարվում հայ–վրացական սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայ–վրացական սահմանի «Բագրատաշեն–Սադախլո» անցակետն աշխատում է սովորական ռեժիմով, առանց խափանումների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Միքայելը`Երևանից Թբիլիսի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրենը։

Որևէ բան գաղտնի չի քննարկվել. նախարարությունը հերքում է «Ղեկը աջ»-ի հայտարարությունը

Ավելի վաղ shamshyan.com–ը տեղեկություն էր տարածել, որ «Բագրատաշենի» անցակետում լարված իրավիճակ է։ Խմբագրությունը բողոքներ էր ստացել, որ քաղաքացիները հայտնվել են «պատանդի» վիճակում, քանի որ աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերն իրենց ավտոմեքենաները կայանել են չեզոք գոտում, ու քաղաքացիները 2 օր է՝ չեն կարողանում մտնել Հայաստան։

Մինչդեռ Sputnik Արմենիայի զրուցակիցն ասաց, որ իրենց ընկերությունում աշխատող վարորդները պետական սահմանը հատելու խնդիրների չեն բախվել։

«Մեր վարորդներն առանց խոչընդոտների հատել են հայ–վրացական սահմանը և անցակետի աշխատանքում ոչ մի խափանում չեն նկատել», – նշեց Միքայելը։

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև SPAYKA–ի հետ։ Ընկերությունից հաստատեցին, որ հայ–վրացական սահմանի չեզոք գոտում մոտ 200 աջ ղեկով մեքենաներ կան, բայց անցակետն անցնելու խնդիրներ չեն եղել։

Հիշեցնենք` ապրիլի 1–ին ուժի մեջ է մտել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը։ Ներկրողները պահանջում են վերացնել այդ արգելքը։