Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշխատակիցներին արգելել է copy-paste անել

Երևանի քաղաքապետն այսօր խորհրդակցության ժամանակ սպառնացել է նամակներ արտատպողներին հեռացնել աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ նկատողություն է արել քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր քաղաքացիների դիմումներին պատասխանում են առանց խնդրի էությանը հանգամանալից ծանոթանալու:

Հայկ Մարությանը զգուշացրել է տնօրեններին` չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը

«Ինձ մոտենում են քաղաքացիներ և հետաքրքրվում, թե ինչու հիմա և 3 տարի առաջ նույնաբովանդակ նամակին տրվել է բացառապես նույն պատասխանը: Եթե անգամ քաղաքացու դիմումը պետք է ստանա նույն պատասխանը, ապա ես պետք է տեսնեմ, որ աշխատանք է կատարվել, որ հարցը նորից ուսումնասիրվել է և ոչ թե «copy-paste» է արվել և հետ ուղարկվել: Չի կարող քաղաքացու կողմից 3 տարի առաջ բարձրացված խնդիրը նույն պատասխանը ստանալ այսօր: Յուրաքանչյուր արտատպած նամակի համար աշխատողը հեռացվելու է աշխատանքից»,- քաղաքապետարանի լրատվական ծառայության փոխանցմամբ ասել է Մարությանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև գովազդային վահանակների ու ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներին` խոստանալով, որ այս հարցում կողմնապահություն չեն անելու։

«Եթե կլինեն անհատներ և կազմակերպություններ, որոնք կփորձեն մեզ խանգարել, մենք կդիմենք կոնկրետ գործողությունների: Այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու»,– ասել է Մարությանը։

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձել է նաև կենսապահովման ոլորտի ընկերությունների անորակ աշխատանքին, որոնց հետևանքով վնասվում է փողոցների ասֆալտբետոնե ծածկը: Մարությանը հորդորել է խողովակների, մալուխների եւ այլ ենթակառուցվածքի անցկացման կամ վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համակարգել դրանք քաղաքապետարանի հետ:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է փողոցները մաքրել տերևներից՝ բացառելով դրանց այրումը: