Քիմ Քարդաշյանն ու Շերը ցանկանում են Հայաստան գալ. տեսանյութ

Հոլիվուդյան աստղերը որոշել են միասին պատմական հայրենիք այցելել։ Երկուսն էլ խոստովանել են, որ կարոտում են Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ու լեգենդար փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) որոշել են միասին Հայաստան գալ։ Այս մասին հայտնի է դարձել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հերթական դրվագի ցուցադրությունից հետո։

Հեռուստաաստղն իր ընկերուհիների հետ գնացել է Շերի համերգին, որը կայացել է Լաս Վեգասում։ Ելույթից հետո օսկարակիր հայուհին միացել է Քարդաշյանին։

«Այն ամենը, ինչ արել եք հայ համայնքի համար, հզոր է», – ասել է Քարդաշյանը երգչուհուն։

Նրանք հիշել են իրենց հայաստանյան այցելությունները և ևս մեկ անգամ պատմական հայրենիք այցելելու ցանկություն հայտնել։

«Մենք պարտավոր ենք գնալ այնտեղ։ Շատ եմ ուզում գնալ։ Ինձ համար դա պարզապես անհրաժեշտություն է», – խոստովանել է Շերը։

Քիմը խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում ընկերակցել Շերին։

Նշենք, որ Քարդաշյանը պատմական հայրենիք էր այցելել 2015 թվականի ապրիլին քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ։ Քիմին ուղեկցում էր նրա ամուսինը` Քանյե Ուեսթը։ Շերը վերջին անգամ Հայաստանում է եղել 1993 թվականի մայիսին։