ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունն արտագնա նիստ կգումարի Գյումրիում։ Այս մասին այսօր Գյումրի քաղաքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանը։
«Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը ես էլի այստեղ եմ լինելու,–ասաց Փաշինյանը,–բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումները պետք է գտնենք։ Բոլոր խնդիրները պետք է հատ-հատ քննարկենք ու փորձենք լուծել»։
Այս տարի լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Աղետի գոտին դեռ չի ազատվել անօթևանների խնդրից։
ՀՀ կառավարության հրապարակած պաշտոնական տվյալներով աղետի գոտու Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 542 ընտանիք բնակարանային խնդիր ունի։
Խնդրի լուծման համար կառավարության հաշվարկով պահանջվում է 4 մլրդ դրամ։
2018 թ. պետական բյուջեով հատկացվել է 460 մլն. դրամ` Լոռու մարզի գյուղական բնակավայրերի կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին` շինարարությունն ավարտելու նպատակով։
Գործադրի 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով խնդրի ամբողջական լուծումը նախատեսված է 2020 թվականի տարեվերջին: