Իրանում գրանցված սարսափելի երկրաշարժի հետևանքով տուժել են ավելի քան 600 մարդ. տեսանյութ

Իրանի Քերմանշահ նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժած անձանց թիվը հատել է 600–ի սահմանագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Իրանում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել են ավելի քան 600 մարդ։ ԶԼՄ–ներում տուժածների և մահացածների թվի մասին տեղեկությունները տարբերվում են։

Երկրաշարժից հետո բժշկական օգնության դիմած 634 մարդկանց մեծ մասը թեթև վնասվածքներ ունեն, հոսպիտալացում չի պահանջվում։ Միաժամանակ Իրաքի Rudaw հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իրաքյան Քրդստանի տարածքում մեկ մարդ մահացել է, ևս 43–ը` տուժել։

​Կարմիր մահիկի իրանական կազմակերպության ղեկավար Մահմուդ Մոդամադ Նասաբը հայտարարել է, որ ներկա պահին մահացածների մասին տեղեկություն չկա։

​Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նահանգի երեք քաղաքում` Գիլյանգարբում, Կասրե Շիրինում և Սերե Պոլե Զոհաբում, տուժել են 361 մարդ։

​Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ նահանգի Սարպոլ–ե–Զահաբ քաղաքից 17 կմ արևմուտք։