Ի՞նչ է կատարվում նրա հետ. երկրպագուները «ոչնչացրել» են Հենոյին սոցիալական ցանցերում

Նախկինում Եվրոպայի ամենակրեատիվ և արդյունավետ խաղացողներից մեկին` 29–ամյա Մխիթարյանին, շատերը հիմա արգելք են համարում ավելի տաղանդավոր խաղացողների` թիմ մտնելու ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը քննադատության տարափի տակ է հայտնվել Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական փուլի շրջանակում կայացած «Բորնմուտի» հետ խաղից հետո, հաղորդում են բրիտանական մի շարք ԶԼՄ–ները։

Հենրիխ Մխիթարյանը «տատիկի սվիտերով» մասնակցել է բարեգործական ակցիայի. տեսանյութ

«2018թ–ի հունվարին սվոփ գործարքների արդյունքում (Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ») Լոնդոնի ակումբ տեղափոխված հայը ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է», – գրում է Football.london–ը։

Ըստ պարբերականի` գործարքից հետո երկրպագուները շատ քննադատեցին երկու մարզիկներին, իսկ վերջին խաղում Մխիթարյանի թույլ խաղը «որդերի տարա բացեց նրանցից շատերի գլխին»։

Անցյալում Եվրոպայի ամենակրեատիվ և արդյունավետ խաղացողներից մեկին` 29–ամյա Մխիթարյանին, շատերը հիմա արգելք են համարում Ռեյս Նելսոնի` թիմ մտնելու ճանապարհին, շարունակում է Football.london–ը` հավելելով, որ «Բորնմուտի» հետ խաղում հայ ֆուտբոլիստն ավելի շատ խանգարել է, քան օգնել։

Այնուհետև պարբերականը ներկայացնում է սոցիալական ցանցերում ամենակտրուկ և բացասական արձագանքների ընտրանին։

«Մխիթարյանի ևս մի սարսափելի խաղը։ Ի՞նչ է կատարվում նրա հետ։ Վերջին խաղաշրջանում «Դորտմունդի» կազմում նա խփել է 114 գնդակ և 20 ասիստ արել Բունդեսլիգայում»։

«Չինական ո՞ր ակումբը կարող է մեզ լավություն անել և վերցնել Մխիթարյանին»։

«Մխիթարյանն օգուտ չի տալիս։ Հիմա ես տեսնում եմ այն, ինչ տեսել է Մոուրինյոն»։

«Ապշած եմ, որ ակումբը հրաժարվել է Ահարոն Ռամզիից, բայց հանդուրժում է Մխիթարյանի միջակ խաղը»։

Ի դեպ, հոռետեսներից բացի, եղել են նաև դրական տրամադրված երկրպագուներ, սակայն բոլորը մի մարդու պես նշել են, որ Մխիթարյանը չի կարողանում բացվել դաշտում` չնայած ակնհայտ տաղանդին։