«Խաղի կանոնները» փոխվել են նաև նախընտրական քարոզարշավի շրջանակում. քաղտեխնոլոգ

Երկուշաբթի պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի խորհրդարանական ընտրության քարոզարշավը, բայց քաղաքական որոշ ուժեր ավելի շուտ էին սկսել այդ գործընթացը։ Պարզվում է` նախընտրական պաստառների և քարոզչության այլ տարրերի` ժամանակից շուտ հայտնվելն այս անգամ քարոզչություն չի համարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Իշխանափոխությանը զուգահեռ փոխվել են քարոզարշավի կանոնները, Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով այն փաստը, որ քաղաքական որոշ ուժեր ժամանակից շուտ են սկսել նախընտրական քարոզարշավը։

Սմբատյան. «Քարոզարշավ կարելի է իրականացնել նաև նախընտրական քարոզի ժամկետից առաջ»

Ավելի վաղ ԶԼՄ–ներում և սոցիալական ցանցերում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, ժամանակից շուտ են սկսել քարոզչությունը։ Փաշինյանին մեղադրել էին լիազորությունները չարաշահելու մեջ։ Նա պատասխանել էր քննադատությանը` հայտարարելով, որ ինքն օրենքը չի խախտում։ Նրա հայտարարությանն արձագանքել էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հայտարարելով, որ քարոզչություն կարելի է իրականացանել նաև նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ։

«ԿԸՀ–ում նշել են, որ խախտումներ չկան։ Ասում են, որ բոլոր սահմանափակումները, որոնք հատկապես վերաբերում են հավասար պայմաններ ապահովելուն, առնչվում են միայն նախընտրական քարոզարշավի նշված ժամկետին։ Համարվում է, որ մնացած ժամանակահատվածում դա սովորական գործունեություն է։ Իհարկե, երկար ժամանակ հասարակությունն ու անձամբ ես ուրիշ պատկերացումներ ունեինք այս կապակցությամբ», – ասաց Հակոբյանը։

Ստացվում է, որ այդ հարցում էլ է իրավիճակ փոխվել։ Հնարավոր է` փոխվել են նաև իրավական չափանիշները, որովհետև ԿԸՀ–ն անցած տարի նույնն էր, բայց ընդդիմության և հասարակական կազմակերպությունների այդօրինակ արտահայտությունների մասին ոչ մի հայտարարություն չէր արել։

Աշոտյանը քարոզչական դրոշ է նկատել շտապօգնության մեքենայի վրա. Թորոսյանը պատասխանել է նրան

«Սակայն իրավիճակի փոփոխությունն ընդհանուր առմամբ ազդում է նաև հասարակական հատվածի ներկայացուցիչների պահվածքի վրա։ Այդ հարցը հիմնականում քննարկում են քաղաքական շահագրգիռ ուժերը կամ սոցիալական ցանցերը։ Մի բան ակնհայտ է` խաղի կանոնները փոխվել են, և քաղաքական բոլոր ուժերը պետք է հաշվի նստեն դրա հետ», – նշեց Հակոբյանը։

Մյուս կողմից, համացանցի դարում դժվար է հետևել այդ ամենին։ Քաղաքական ուժերն ու ռեյտինգային թեկնածուները վաղուց են սկսել իրենց նախընտրական ծրագիրը. խոսքը միայն իշխանության մասին չէ։

Ակնհայտ է, որ բազմաթիվ հարցազրույցները, կենսագրություններ ներկայացնելը սովորական քաղաքական գործունեություն չէ։ Ակնհայտ է, որ դա քարոզչության մի մաս է, գովազդ, փիառ։

Հիմա քարոզարշավը ժամանակից շուտ սկսելու հետ կապված հարցերը հիմնականում բարձրացնում է Հանրապետական կուսակցությունը, սակայն հանրապետականները դա անում են սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ ԿԸՀ–ն հայտարարել էր, որ նախընտրական քարոզարշավի ամսաթիվը գրանցելն օրենքով չի արգելում քարոզարշավ անցկացնել այլ ժամկետում։

Նշենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ նման քարոզչական դրսևորումները քննադատության ալիք էին բարձրացրել, մասնավորապես, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից։