ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ընտրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ժողովուրդը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորեց «Արտակ, հեռացի՛ր» կոչով:
Մինչ «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած բարեփոխումներին անդրադառնալը Փաշինյանը խոսեց մարալիկցների` համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջի մասին։
«Ես տեղյակ եմ խնդրից: Ընդհանուր առմամբ, ձեզ թվում է` վարչապետը չունի՞ լծակ, որ կարողանա ստիպել և հարկադրել որևէ համայնքի ղեկավարի հրաժարականը։ Դա այդպես է, բայց յուրաքանչյուր համայնք ինքը պետք է լուծի այդ խնդիրը: Մենք պետք է ցուցաբերենք հավասարակշռված մոտեցում»,- ասաց Փաշինյանը:
«Իմ քայլը» դաշինքի թիվ մեկ թեկնածուն ավելացրեց՝ հարցի լուծումը հնարավոր է, եթե դա համայնքի բնակիչների կեսից շատի ցանկությունն է:
«Այո ՛, պետական վերահսկողության ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում համայնքում, եթե ինձ զեկուցեն, որ եղել են չարաշահումներ և քրեական գործեր, ապա կառավարությունն իր խոսքը կարող է այդտեղ ասել, մինչ այդ համայնքն ունի իր խոսքն ասելու իրավունքը։ Ներկայացրեք համայնքի ընտրողների կեսից շատի ստորագրությունը` համայնքի ղեկավարի փոփոխության հետ կապված: Ժողովրդի կամքը մեզ համար բարձրագույն իշխանությունն է»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չեն լինելու. ամեն ինչ լինելու է արդար:
Փաշինյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց նաև այն բարեփոխումները, որոնք տեղի կունենան, եթե «Իմ քայլը» դաշինքը ստանա ժողովրդի վստահության քվեն:
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Մարալիկ քաղաքում տևական ժամանակ է` պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Գևորգյանը տարիներ շարունակ եղել է Մարալիկի քաղաքապետը։