Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Փաշինյանը հորդորում է իշխանության ժպիտը որպես թուլություն չմեկնաբանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռերին» սթափվելու կոչ արեց։

Դրա համար հիմք էր հանդիսացել «Սասնա ծռերի» այն հայտարարությունը, թե առաջիկա երկու տարին անցումային փուլի ժամանակահատված է, ուստի առաջիկա խորհրդարանն իրենք պատկերացնում են որպես անցումային խորհրդարան։

«Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ իրենց ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը թող չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։

«Այդպիսի մի քանի դեպք եղել է, և այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով։ Ով ուզում է` լինի»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` Ազգային ժողովի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։