Ազգային ժողովի ընտրության ժամանակ անակնկալները չեն բացառվում. ի՞նչն է մտահոգում Արեշևին

Քաղաքագետ Անդրեյ Արեշևի կարծիքով` Փաշինյանն այն թիմը չունի, որը կկարողանար նոր մակարդակի հասցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տարատեսակ անակնկալները չեն բացառվում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ այս մասին ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին իրական ընդդիմություն չի մասնակցում. Լեպյոխին

Քաղաքագետը չի կասկածում, որ Փաշինյանը հաղթելու է, բայց միաժամանակ կարծում է, որ հայ հասարակության շրջանում ոգևորվածության որոշակի անկում կա. դրա վկայությունն է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կազմակերպած վերջին երթի մասնակիցների թիվը։

Արեշևը կարծում է նաև, որ իրական խնդիրները փոխարինվել են կարգախոսներով։ Նա նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Փաշինյանն այն թիմը չունի, որը կկարողանա նոր մակարդակի բարձրացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Նրա կարծիքով` մոտ ապագայում և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը կբախվեն այնպիսի մարտահրավերների, որոնց լուծումը հեշտ չի լինի։ Դեկտեմբերի 1-ից նվազում է Կովկաս–Փոթի երթուղով բեռնափոխադրումների ծավալը, իսկ այդ երթուղով Հայաստան է գալիս բեռների զգալի ծավալը։ «Տրանսպորտային և լոգիստիկ դժվարությունները, որոնց կբախվի Հայաստանը, ջանքերի համակարգում է պահանջում, ոչ թե իներցիոնություն»,– ավելացրեց քաղաքագետը։

Արեշևին մտահոգում է նաև Հայաստանի ներքաղաքական երկխոսության ռադիկալիզացիան և այդ համատեքստում նա նշեց «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը, ըստ քաղաքագետի, քաղտեխնոլոգիական նախագիծ է։

Ինչո՞ւ է երեկվա երթին քիչ մարդ մասնակցել. մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր հերթին կարծում է, որ Փաշինյանն իրատես է, այդ պատճառով էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները նա չի վերանայի։ Պետք է ուշադրություն դարձնել նրան, թե ինչ է խոսում կոնկրետ ինքը, ոչ թե ովքեր են ներկայացված նրա թիմում։

Հակոբյանը համոզված է, որ վարչապետի պաշտոնակատարը կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման վեկտորը։

ԱԺ արտահերթ ընտրությունը կկայանա դեկտեմբերի 9-ին։ Մասնակցության հայտ են ներկայացրել 2 դաշինք և 9 կուսակցություն։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և ավարտվելու դեկտեմբերի 7-ին։

Նոյեմբերի 23-ին Փաշինյանի կուսակցության անդամ նախարարների մեծ մասն արձակուրդ են վերցրել նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար, քանի որ աշխատանքային ժամերին նրանք քարոզչություն իրականացնել չեն կարող։