ՀԿԵ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել

«Հարավկովկասյան երկաթուղին» հայտնում է, որ ցանկացած ընկերություն կարող է բեռնափոխադրում պատվիրել Կովկաս-Փոթի-Կովկաս երթուղով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել: Լաստանավի մոտակա չվերթը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 2-ին: Ընկերությունն արդեն ստացել է 9 վագոն բեռի փոխադրման հայտ: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Երկաթուղին հիշեցնում է, որ նոյեմբերի 5-ին ուղղված նամակով բեռնափոխադրողները և էքսպեդիտորները տեղեկացվեցին լաստանավի չվերթերի ժամանակավոր կրճատման մասին: Հաշվի առնելով լաստանավի վարձակալության վճարի թանկացումը և բեռնափոխադրումների ծավալի կրճատումը՝ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավի կանոնավոր աշխատանքը փոխարինվում է փաստացի առկա խոշոր խմբաքանակների (30 վագոն) փոխադրման, ինչպես նաև հաճախորդների միանվագ պատվերների կատարման ձևաչափով:

«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքում Կովկաս-Փոթի երթուղում բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ցանկացած ընկերություն կարող է բեռնափոխադրում պատվիրել նշված երթուղում:

«Հարկ է նշել, որ երկաթուղալաստանավային փոխադրումների մրցակցությունն ապահովելու նպատակով Ռուսական երկաթուղիները և ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը 2019 թվականին Կովկաս-Փոթի երթուղով բեռնափոխադրումների համար սահմանել են զեղչ մինչև 50% չափով»,– նշված է հաղորդագրության մեջ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: