ՄԻՊ–ը սկսում է ընտրական գործընթացի շուրջօրյա դիտարկումը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր իրավասության սահմանում կիրականացնի ընտրական ամբողջ գործընթացի անաչառ ու ապաքաղաքական շուրջօրյա դիտարկում։ Այս մասին հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Խաղի կանոնները» փոխվել են նաև նախընտրական քարոզարշավի շրջանակում. քաղտեխնոլոգ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով:

Խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների մասնագետները:

Խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ապահովելու է պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի քննարկումը:

ՄԻՊ գրասենյակը նշում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները:

ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։