ՀՀ նախագահն ընդունել է ռուսաստանյան գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին

Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» միջազգային կլոր սեղան-քննարկման մասնակիցները կարևորել են Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների սերտ գործակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչներին ու մի խումբ մասնակիցների: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը կմեկնի Գերմանիա. հանդիպում է նախատեսված նաև Մերկելի հետ

Նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի գիտահետազոտական ու վերլուծական կենտրոնների սերտ փոխգործակցությունը, քաղաքագետ-վերլուծաբանների ու փորձագետների աշխատանքը։

Հյուրերը նախագահին են ներկայացրել միջոցառման նպատակները, նշել, որ ցանկանում են ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ դրանց մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելու համար։

«Կովկասագետների գիտական ընկերության» և «Դիալոգ» մոսկովյան կազմակերպության նախաձեռնած գիտաժողովի նպատակն է տարածաշրջանային խնդիրների քննարկումը, առկա և հնարավոր մարտահրավերների ու սպառնալիքների գնահատումը։

«2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկումը Երևանում անցկացվելու է նոյեմբերի 26-27-ը։