Հավատարիմ եղեք ձեր դավանած արժեքներին և հարգալից՝ միմյանց նկատմամբ. ՀՀ նախագահի ուղերձը

Արմեն Սարգսյանը ընտրողներին հորդորել է պահանջատեր լինել և հիշեցրել, որ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով»: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ հղած իր ուղերձում։

«Կարգախոսն ամեն ինչ չէ». քաղաքական ուժերը նախընտրական կարգախոսների վրա լուրջ չեն աշխատել

«Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք:

Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլևս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։

Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին և դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվությամբ եք մոտեցել ձեր քաղաքական հայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևավորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները:

Հավատարիմ եղե՛ք ձեր դավանած արժեքներին, միևնույն ժամանակ, հարգալից ու բարեկիրթ՝ միմյանց նկատմամբ»,–ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է ՀՀ նախագահը։

Ոչ ոք չի կարող նրա նման. Փաշինյանը միայնակ կանցկացնի քարոզարշավը

Արմեն Սարգսյանը գալիք ընտրություններում հաջողություն է մաղթել մասնակից բոլոր քաղաքական միավորներին:

«Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղե՛ք պահանջատեր, լսե՛ք բոլորին, որպեսզի տեղեկացված և գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան:

Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին»,–նշված է նախագահի ուղերձում:

Նշենք, որ նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: