Ինչո՞ւ է երեկվա երթին քիչ մարդ մասնակցել. մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մտահոգներին խորհուրդ է տվել սառը ցնցուղ ընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է երեկվա երևանյան երթի մասին խոսակցություններն ու տվել մարդկանց քիչ մասնակցության իր բացատրությունը։

Վիգեն Սարգսյանը գրել է «ՀՀԿ–ի առաջին հաղթանակի» մասին

«Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ»,–արդարացել է Փաշինյանն ու հավելել, որ այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։

«Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել»,–նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և վստահեցրել, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։

«Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք»,–խորհուրդ է տվել Փաշինյանը։

Նոյեմբերի 24–ին Երևանում տեղի ունեցած քայլերթը տևել է 9.5 ժամ: Այն մեկնարկել է Նոր Նորքի 6–րդ զանգվածից և ավարտվել Հանրապետության հրապարակում։