Հայկական կոնյակի գործարանը Գրան պրի է շահել Ռուսաստանում

Մրցույթում ներկայացվել են 17 երկրում արտադրվող գինիներն ու կոնյակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի «Արեգակ» կոնյակի գործարանը մասնակցել է Գինիների և սպիրտային խմիչքների ХXII միջազգային պրոֆեսիոնալ մրցույթին և Գրան պրի ստացել «հին խմիչքներ» անվանակարգում։ Մրցույթն ընթացել է Գարեջրի, ոչ ոգելից և գինեգործական արդյունաբերության համառուսական գիտահետազոտական ինստիտուտում։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայկական կոնյակը պետք է պաշտպանել կեղծիքից, պետք է պաշտպանենք մեր ապրանքանիշը. Փաշինյան

«Արեգակից» բացի, մրցանակ են ստացել «Կիզլյարի կոնյակի գործարանը» և «Դերբենտի կոնյակի կոմբինատը» (Դաղստան), ինչպես նաև «Պրասկովեյսկոե» (Ստավրոպոլի երկրամաս) և Sarajishvili(Վրաստան) գործարանները։

Այս տարի մրցույթին ներկայացվել են 17 երկրում արտադրվող գինիներն ու թունդ խմիչքները (Ռուսաստան, Ավստրալիա, Հայաստան, Արգենտինա, Ադրբեջան, Վրաստան, Հունաստան, Իտալիա, Իսպանիա, Լիբանան, Պորտուգալիա, Ֆրանսիա և այլն)։ Պրոֆեսիոնալ հանձնաժողովն ուսումնասիրել է 300 նմուշ։

Գինեգործների մրցույթը հովանավորել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպությունը, որը կանոնակարգում է խմիչքի արտադրությունն ամբողջ աշխարհում։ Մրցույթի ժյուրիի կազմում, ռուս մասնագետներից բացի, ներառված են անկախ փորձագետներ գինեգործական երկրներից, այդ թվում` ոլորտի առաջատար ֆրանսիացիները։