ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Պետեկամուտների կոմիտեի հայտարարությանը, ըստ որի` արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու։
«Հակակշիռների առաջին հաղթանակը: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: Կառավարությունը փոխեց իր մտադրությունը: Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Սարգսյանը:
Նա միաժամանակ նշել է, որ բանավոր խոստումը բավարար չէ:
«Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, ոչ թե խանգարել նրանց»,– գրել է ՀՀԿ փոխնախագահը:
Ըստ Սարգսյանի` օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունը պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր: