ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Առաջիկայում Սևանի ուղղությամբ կգործարկվի նոր արագընթաց էլեկտրագնացք։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ։
«Սևանի զարգացման ծրագրի շրջանակում իրենք պատրաստակամ են ներդնել ևս մեկ էլեկտրական գնացք`Երևան–Սևան, ինչպես Երևան–Գյումրիի դեպքում։ Եվ դա կդառնա տուրիզմի և Սևանի զարգացման ծրագրի հիմնական բաղկացուցիչը»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք` փետրվարի 27-ին, Երևանի երկաթուղային կայարանից առաջին անգամ դեպի Գյումրի մեկնեց Երևան-Գյումրի-Երևան նոր ЭП2Д էլեկտրագնացքը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այն ձեռք է բերել ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից:
Էլեկտրագնացքն աշխատում է ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին Գյումրիից վերադառնալով մայրաքաղաք:
Նոր էլեկտրագնացքին զուգահեռ Երևան-Գյումրի-Երևան երթուղու մյուս ուղերթերը սպասարկվում են հին շարժակազմով` ավելի երկարատև ուղերթով ու ավելի էժան ուղեվարձով։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։
2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ հայկական երկաթուղին «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարմանը հանձնելու մասին։ Պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, որից քսանի լրանալուց հետո հաջորդ տասը տարին` կողմերի փոխադարձ համաձայնությամբ։