Հակոբ Արշակյանն ասուլիսը կազմակերպել էր հյուրանոցում. ո՞վ է տվել վարձակալության գումարը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարն ասուլիսի համար վարձակալել էր երևանյան ամենաթանկ հյուրանոցներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի այսօրվա ասուլիսը կազմակերպվել է ոչ պետական միջոցների հաշվին։ Նախարարի պաշտոնակատարն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Չեմ կարծում, որ աթոռները, պատերն ու պրոեկտորը ավելորդ ճոխություն են, մեծ հաշվով նաև հաշվի առնելով, որ դրանք նախարարության միջոցներով չեն արվել, այլ իմ միջոցներով, իմ ընկերների օգնությամբ, որպեսզի ունենանք համապատասխան պրոեկտոր և ցուցադրենք ձեզ գեղեցիկ պրեզենտացիա»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։

Այդուհանդերձ, ընկերների աջակցությունից զատ, Արշակյանը նաև հյուրանոցի սրահի վարձակալության գումար է վճարել։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ միջոցներով է վարձակալվել հյուրանոցի սրահը, Արշակյանը պատասխանեց. «Հյուրանոցի այս սրահն արժեցել է 80 000 դրամ, սա արվել է զուտ տեխնիկական հարմարավետությունից ելնելով»։

Ճշտող հարցին, թե որտեղից է վճարվել այդ գումարը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Իմ գրպանից»։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի ասուլիսը, որի ընթացքում նա ամփոփեց նախարարության 6 ամսվա գործունեության արդյունքներն ու ներկայացրեց առաջիկա ծրագրերը, կազմակերպվել էր Երևանի Աբովյան փողոցում գտնվող նորակառույց «Ալեքսանդր Հոթել» հյուրանոցի «Կարս» սրահում։