Կրքեր «Գազպրոմ Արմենիայի» շուրջ. հարկայինները սակարկությա՞մբ են զբաղված

Հայաստանի շարքային սպառողը ստիպված պետք է հույսը դնի ներքին գնագոյացման փոփոխությունների վրա, բայց հավանականությունը քիչ է, որ այնտեղ լուրջ շտկումներ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Գազպրոմ Արմենիա» ընկերության շուրջ ծավալվող գործընթացները, ամենայն հավանականությամբ, արձագանքն են այն բանի, որ Մոսկվան հոռետեսություն է դրսևորում սահմանին գազի գինը վերանայելու հարցում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս կարծիքը հայտնեց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

«Մենք զանգեր ենք ստանում Ռուսաստանից». «Գազպրոմ Արմենիայի» գործարքին վտանգ է սպառնում

Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի հետևանքով մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները։

Ըստ ՊԵԿ–ի` ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների վերաբերյալ տվյալները: Պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի:

Դավթյանի կարծիքով` ռուսական կողմը Հայաստան առաքվող գազի գնի հետագա նվազեցման հարցում հոռետեսություն էր դրսևորել դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերյան հանդիպման ժամանակ։ Պուտինն ասել էր, որ Հայաստանը ռուսական գազ է գնում աշխարհում ամենացածր գնով։

«Բարի համբավն արատավորելու միտում կա». «Գազպրոմ Արմենիան» պատասխանում է ՊԵԿ–ին

Շարքային սպառողը ստիպված պետք է հույսը դնի ներքին գնագոյացման փոփոխությունների վրա, բայց հավանականությունը քիչ է, որ այնտեղ լուրջ շտկումներ լինեն, թեև օբյեկտիվ տնտեսական նախադրյալներ կան։

«Խնդիրը 2013թ–ի գազային համաձայնագրի մեջ է, ըստ որի` ռուսական գազի առաքման ժամկետը սահմանվել է մինչև 2048թ–ը, և գազատրանսպորտային համակարգի կառավարման հարցում Հայաստանը գրեթե զրկվել է ձայնի իրավունքից` սահմանափակվելով միայն ընկերության տնօրենների խորհրդում ներկայացուցիչ ունենալով, որը ձայնի իրավունք չունի։ Բացի այդ, համաձայնագրով սահմանվել է տարեկան 8%–անոց շահույթ, որը պետք է ապահովի «Գազպրոմի» դուստրը», – ասաց նա։

Հաշվի առնելով հայկական շուկայի սահմանափակ լինելը, սպառման բացասական դինամիկան` ընկերությունը ստիպված է եղել շահույթ ապահովել բարձր սակագների հաշվին։ Հենց այդ պատճառով էլ մի քանի օր առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Հրանտ Թադևոսյանը բողոքեց, որ ընկերությունն արդեն երկու տարի է` վնասով է աշխատում։ Թադևոսյանը միաժամանակ մոռացավ ասել, որ այդ կորստի մի մասը ձևավորվում է նաև համակարգում գազի կորուստների հաշվին։

Ներկայացված չէ որևէ ապացուցողական փաստ. «Գազպրոմ Արմենիան» հերքում է

Փորձագետը ենթադրում է, որ հարցը հնարավոր է լուծել միայն երկու երկրների առաջնորդների մակարդակով քաղաքական կամք դրսևորելու դեպքում։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում հազար խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն մի շարք գործոնների պատճառով Հայաստանում տնային տնտեսությունները ստանում են այն 290 դոլարով։ Այդ գնի մեջ է մտնում գազատրանսպորտային համակարգի սպասարկումը, ռուսական կողմին օգնության վերադարձը (որի մասին նշեցինք), ինչպես նաև գազի ԱԱՀ–ն և «Գազպրոմ Արմենիայի» շահույթը։