Հայաստանը 5 միլիոն բնակչություն կունենա. Արշակյանն ասաց` երբ և ինչպես կաճի մարդկանց թիվը

Նոր իշխանությունը փորձելու է բնակչության թիվն ավելացնել ներգաղթի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է լինի 5 մլն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր` նոյեմբերի 24-ին, այս հայտարարությամբ սկսեց լրագրողների հետ հանդիպումը։

Աշխատանք կա, փող չկա. ո՞րն է հայաստանյան գործազրկության գաղտնիքը

Նրա խոսքով` նախարարությունն աշխատանքի այս կարգախոսն է ընտրել, քանի որ վերջին տարիներին Հայաստանում ժողովրդագրական լուրջ խնդիր է գրանցվել։ Մինչև 1990թ-ը Հայաստանի բնակչության ավելացումը մինչև շուրջ 3.5 մլն, Արշակյանի դիտարկմամբ, ոչ թե բնական աճի, այլ ներգաղթի հետևանք է եղել, ինչը իրենք փորձելու են վերականգնել։

«Մեր հիմնական խնդիրն է տաղանդի արտահոսքը կանխել և տաղանդի ներհոսք հարուցել»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ տաղանդը գնում է այնտեղ, որտեղ կա ինովացիոն տեխնոլոգիաների միջավայր։

Մինչև 90-ականները, ըստ Արշակյանի, Հայաստան էին գալիս հենց այն պատճառով, որ Հայաստանում բացվում էին գիտահետազոտական ինստիտուտներ ու նոր տեխնոլոգիական արտադրություններ։ Իսկ որպես առաջին քայլ, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ անցնող 6 ամսում Հայաստանում 2 նոր ՏՏ ընկերություն է բացվել։

«Եթե նույն տեմպով շարունակենք, մենք կունենանք 5 մլն բնակչություն 2050թ-ին»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Նշենք, որ Հայաստանի բնակչության թիվը, վերջին տվյալներով, 3 միլիոնի չի հասնում։