Աշոտյանը քարոզչական դրոշ է նկատել շտապօգնության մեքենայի վրա. Թորոսյանը պատասխանել է նրան

ՀՀԿ փոխնախագահն «Իմ քայլը» դաշինքի դրոշով ավտոմեքենայի լուսանկար է հրապարակել Facebook-ում, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարն էլ մեկ այլ լուսանկար է հրապարակել, որում դրոշն արդեն չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա քայլերթի ժամանակ։

«Ձախից քարոզչական դրոշ է շտապօգնության մեքենայի վրա։Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել ...»,– Facebook սոցիալական ցանցում գրել է Աշոտյանը։

Որոշ ժամանակ անց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր էջում մեկ այլ լուսանկար է հրապարակել, որում դրոշն արդեն չկա։

«Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»,– գրել է նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր քայլերթ է կազմակերպել Երևանում։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։ Քարոզարշավի համար ԿԸՀ–ն ժամանակահատված է սահմանել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը: