Ծեծկռտուք ռեստորանում. էպիկենտրոնում ԱԺ նախկին պատգամավորի երեխաներն են

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին պատկանող ռեստորանահյուրանոցային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի մասնակիցներից երկուսը կանայք են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում գտնվող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում նոյեմբերի 22-ին վիճաբանություն և ծեծկռտուք է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Քննչական կոմիտեն պարզել է Մանվել Գրիգորյանի էջմիածինցի զինակցին սպանողին

Ժամը 17:00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասի Պռոշյան փողոցի թիվ 17 հասցեում իր նկատմամբ բռնություն է կիրառվել և ինքը ծեծի է ենթարկվել:

Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Գանջոյանը զանգահարել է իր նախկին ընկերոջը՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին, պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Հակոբյանը Գանջոյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել:

Գանջոյանը հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմանում նշված հասցե ժամանած «Զվարթնոց» թաղամասի բնակիչներ, 21-ամյա Նելլի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծել են իրեն և իր 12-ամյա տղային:

Արդեն ժամեր անց, ժամը 21:20-ի սահմանում 55-ամյա Հակոբ Հակոբյանը զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները:

Ահազանգից հետո ավագ հետաքննիչը հերթական անգամ այցելել է նշված հասցե, որտեղ Հ. Հակոբյանի դուստրը` նույն հասցեի բնակիչ, 21-ամյա Ն. Հակոբյանը, հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը ծեծել է իրեն և դիտավորությամբ կոտրել արձանիկները:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիատական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կայքի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Ճոյտն» է, իսկ Ա. և Ն. Հակոբյանները նրա երեխաներն են: