11 մլն 106 հազար 633 դոլար` Արցախին և Հայաստանին. «Հեռուստամարաթոն-2018»-ը ավարտվեց

Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ը ավարտվեց Երևանի ժամանակով ժամը 10:00-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա` 21–րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 11 մլն 106 հազար 633 դոլար։ Լոս Անջելեսում մեկնարկած  «Հեռուստամարաթոն-2018»-ը ավարտվեց րոպեներ առաջ` Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:

Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամին անձնական և ոչ անձնական նվիրատվություն է արել

Այս տարվա «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:

Առաջինն արցախյան գյուղատնտեսության գարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերն են: Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածք ոռոգելի կդառնա, ոռոգման ջուրը կհասնի արցախցիների խաղողի, ցորենի դաշտերին, պտղատու այգիներին: 13 խորքային հոր է արդեն փորվել դրա համար: Ընթանում են հորատանցքերի վրա պոմպակայանների կառուցման աշխատանքները:

Հեռուստամարաթոնի երկրորդ ուղղությունը Արցախում արևային էներգիայի կիրառումն է: Ծրագիրը սկսվել է Շուշիի շրջանից: Պիլոտային էր Քարինտակ համայնքը, որտեղ արդեն 50 տանը օգտագործում են այլընտրանքային էներգիա: 2019-ին արևային էներգիայից կօգտվեն նաև Ասկերանի շրջանի բնակավայրերում:

Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն- 2018»-ին նվիրաբերված գումարները ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:

Նշենք, որ «Հեռուստամարաթոն- 2018»-ին իր նվիրաբերությունն արեց նաև Նիկոլ Փաշինյանը` ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից նվիրաբերելով 500 հազար դրամ:

Հիշեցնենք` «Հեռուստամարաթոն- 2017»-ին նվիրաբերվել էր 12 505 456 ԱՄՆ դոլար։