ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Տվերի մարզի քննիչները ավարտել են Կոնակովսկի շրջանում տղամարդու սպանության փաստով քննությունը. ՀՀ քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Տվերի մարզի Քննչական վարչությունը։
«Ավելի քան մեկ տարի այս սպանությունը չբացահայտված էր մնում, քննչական ու օպերատիվ որոնողական աշխատանքները չէին դադարում։ 2018 թվականի նոյեմբերի լույս 21–ի գիշերը Մոսկվայում հաջողվել է բացահայտել ու ձերբակալել սպանության մեջ մեղադրվողին», – «АиФ Тверь» պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Վալերի Պավլովը։
Քննության տվյալների համաձայն` 2017 թվականի հուլիսին Մոսկվայի 25–ամյա բնակիչը (ՀՀ քաղաքացի) գնացքով եկել է Զավիդովո Կոնակովսկի շրջանի կայան, որտեղ մասնավոր տաքսի է նստել։ Ճանապարհին տղամարդկանց միջև վիճաբանություն է ծագել։ Այդ ժամանակ մոսկվացին վերցրել է տրավմատիկ ատրճանակն ու կրակել է 55–ամյա տղամարդու գլխին, իսկ մարմինը մեքենայից դուրս է գցել։
Չարագործը դին թողել է ճանապարհի վրա, նստել է ղեկին ու հեռացել։ Սակայն նա կորցրել է տիրապետումն ու ընկել առվակի մեջ։ Նա դուրս է եկել ու վթարի վայրից փախել անտառ։ Դրանից հետո նա վերադարձել է տուն` Մոսկվա։
Փաստի առթիվ ՔԿ քրեական գործ է հարուցել։