Պարգևատրումներ նախագահականում. ովքե՞ր են հյուրընկալվել Մաշտոցի 47-ում

Նախագահը պարգևատրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման գործում նշանակալի ներդրում ունեցած դիվանագետներին և Ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի և Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Գոռ Մինասյանը երկրորդն է աշխարհի առաջնությունում

Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգևատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել է՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին և ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին:

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն:

Նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետներին ու մարզիկներին, նշել է. «Այդ հաղթանակները միջազգային հաղթանակներ են՝ մեկը սպորտի, մյուսը՝ դիվանագիտության ոլորտում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ մեր երկիրը փայլուն ձևով է ներկայացել: Մաղթում եմ, որ սա լինի ոչ թե վերջինը, այլ այսպիսիք բազմաթիվ լինեն»: