Լեհաստանի մայրաքաղաքում հայերին ստիպել են թաքցնել Արցախի դրոշը

Ադրբեջանի դեսպանատունն ընդդեմ հայաստանյան տուրիստական կազմակերպության. Լեհաստանում ստիպված են եղել հեռացնել Արցախի դրոշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 Նոյեմբեր — Sputnik. Լեհաստանում անցկացվող TT Warsaw 26-րդ միջազգային տուրիստական ցուցահանդեսում ադրբեջանցիները Հայաստանի մասնակցի նկատմամբ հերթական սադրանքն են կատարել։

Լեհաստանի մայրաքաղաքում հայերին ստիպել են թաքցնել Արցախի դրոշը

Այս մասին Sputnik Արմենիային Վարշավայից հայտնեց «Արմենիկատուր» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Աննա Մարտիրոսյանը։

Հայաստանը ներկայացրել է Արցախը Մոսկվայի զբոսաշրջային ցուցահանդեսում
«Ցուցահանդեսի բացումն արեցինք, ամեն բան լավ էր։ Հանկարծ ինձ են մոտենում կազմակերպիչներն ու վախվորած հայտնում` գիտեք, դուք խնդիր ունեք այս դրոշի հետ կապված, խնդրում ենք հանեք»,– ասաց նա` հավելելով. «Ստենդի վրա չէի փակցրել Ղարաբաղը պատկերող ոչ մի բան, միայն երկու կողմից փակցրել էի ՀՀ և Արցախի դրոշները։ Ունեմ քարտեզ, որը բաժանում եմ այցելուներին, որի վրա մեր հիմնական 4 ուղղությաններն են, որոնցից մեկը`Հայաստան–Արցախ»։

Ցուցահանդեսի կազմակերպիչները բացատրել են, որ Աննա Մարտիրոսյանը գրանցվել է որպես ՀՀ մասնակից, ուստի իրավունք չունի այլ երկրի դրոշ ներկայացնելու։ Բայց քարտեզների ու տուրփաթեթների վերաբերյալ Աննային հաջողվել է երկար բանակցություններից հետո կազմակերպիչների հետ գալ համաձայնության, որ տուրիստական կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած ուղղություններով ծառայություններ առաջարկել ու գովազդել։ Բայց Արցախի դրոշը ցուցահանդեսի երկրորդ օրը ստիպված է եղել հանել տաղավարից։

Ավելի ուշ Աննա Մարտիրոսյանը տեղեկացել է, որ աղմուկը բարձրացրել է Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատունը, որտեղից բողոքի նոտա է ներկայացվել այդ երկրի ԱԳ նախարարություն և ցուցահանդեսի կազմակերպիչներին։

 

Լեհաստանի մայրաքաղաքում հայերին ստիպել են թաքցնել Արցախի դրոշը

«Ադրբեջանը ցուցահանդեսին չի մասնակցում, բայց այցելուների խոսքից, պահվածքից ես հասկացա, որ նրանց մեջ ադրբեջանցիներ կային, ովքեր մոտենում էին տաղավարին, իրենց լեզվով խոսում, լուսանկարում»,– ասաց Աննա Մարտիրոսյանը։

TT Warsaw 26-րդ միջազգային տուրիստական ցուցահանդեսը Վարշավայում անցկացվելու է նոյեմբերի 22-24–ը։