«Կարգախոսն ամեն ինչ չէ». քաղաքական ուժերը նախընտրական կարգախոսների վրա լուրջ չեն աշխատել

Կարգախոսի հիմնական նպատակը` սեղմ տեսքով քաղաքական ուժի առաքելությունը ներկայացնելն է։ Այն պետք է ոչ թե գեղեցիկ խոսքերի շարան լինի, այլ ամփոփի կուսակցության նպատակներն ու խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները դժվար է օրիգինալ անվանել։ Որոշակի առումով նախընտրական մրցապայքարում կարգախոսը շատ բան չի որոշում։ Միևնույն ժամանակ այն որոշակի հետաքրքրություն, այնուամենայնիվ, ներկայացնում է։

Տոնոյան. «Ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» մասնակցում է մի քանի կարգախոսով»

Sputnik Արմենիային տված հարցազրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ նախընտրական կարգախոսը` կուսակցության կամ դաշինքի նախընտրական ռազմավարության տարրերից մեկն է։ Կարգախոսի հիմնական խնդիրը` սեղմ տեսքով քաղաքական ուժի առաքելությունը ներկայացնելն է։ Այն պետք է ոչ թե գեղեցիկ խոսքերի կույտ լինի, այլ ներկայացնի կուսակցության այն նպատակներն ու խնդիրները, որոնք ընտրությունների այս կամ այն մասնակիցն ուզում է հասցնել ընտրողին։

Մրցապայքարի մասնակիցների շարքում բավական խոսուն կարգախոս է ընտրել ՀՀԿ–ն։ Կարգախոսը հետևյալն է. «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին»։

«Այս կարգախոսը լիովին արտացոլում է ՀՀԿ–ի մոտեցումն ընտրություններին. այն մատնանշում է նոր իշխանության ձախողումներն ու սխալները, որոնց պատճառով ընտրողի հայացքը պետք է ուղղված լինի հանրապետականների կողմը։ ՀՀԿ–ն իր ռազմավարությունը կառուցում է իշխանություններին հակադրվելով», – ասաց փորձագետը։

«Լուսավոր Հայաստանը» խոստանում է լուսավորել Հայաստանն ու փոխել հարկային օրենսգիրքը

«Մենք» դաշինքի կարգախոսը՝ «Առաջինը Հայաստանն է»։ Փորձագետը այս կարգախոսն անհասկանալի է համարում։ Պարզ չէ, թե ինչ էին նրանք ուզում ասել դրանով, ինչ ուղղություն են տալիս, ինչու ընտրողը պետք է հենց նրանց օգտին քվեարկի։

ՀՅԴ–ն որպես կարգախոս է ընտրել`  «Հավատարիմ  հողին ու հային» արտահայտությունը։ Բադալյանը կարծում է, որ կարգախոսը դաշնակցականների «ոխակալ» առաքելությունն է արտահայտում։ Ամենահին կուսակցություններից մեկը, ում գործունեությունը ստեղծման օրվանից թուրքական զավթողական քաղաքականության դեմ պայքարի հետ էր կապված, այսօր փորձում է առանձնացված դիրք զբաղեցնել` ցուցադրելով պատմական հայրենիքի նկատմամբ հավատարմության գաղափարը։

Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը որպես կարգախոս է ընտրել «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսը։ Բադալյանը նաև այս կարգախոսն է անհաջող համարում։ Հասկանալի չէ, թե ինչով են նրանք տարբերվում մյուսներից։ Այդ կարգախոսի նույնիսկ հիշելն է դժվար։ Փորձագետի կարծիքով` պետք էր ընտրել նախապես քննարկվող` «Նիկոլ` վարչապետ» տարբերակը։ Դա ավելի տրամաբանական և հասկանալի կլիներ։ Իսկ հիմա ընտրել են մի կարգախոս, որը ինչ–որ տեղ բրեժնևյան ժամանակաշրջանն է հիշեցնում։ Այն որոշակի «մոնումենտալություն» է պարունակում, ինչը բնորոշ է այն ուժերին, որոնք երկար ժամանակ են իշխանության ղեկին։ Հաշվի առնելով, որ «Իմ քայլը» իշխանության ղեկին է ընդամենը մի քանի ամիս, նման «լճացած» կարգախոսը տարօրինակ է թվում։

Հանրապետականը բացահայտեց իր կարգախոսը

ԲՀԿ–ն` «Մեր խոսքը գործ է»  տարօրինակ կարգախոսն է ընտրել, այն ուղեկցելով «օժանդակ» «Ճանապարհ դեպի երազանք» արտահայտությամբ։ Փորձագետի կարծիքով` քաղաքական ուժը պետք է մեկ կարգախոս ունենա, որևէ «լրացուցիչ» կարգախոսներ լինել չեն կարող։ Նման խառնաշփոթը զրոյական արդյունքի է հանգեցնում, համոզված է մեր զրուցակիցը։

«Շատ հաճախ կուսակցության առաջնորդներն են բառերի անիմաստ շարան ընտրում, առանց PR-տեխնոլոգների հետ խորհրդակցելու։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք», – ավելացրեց նա։

Այս պահին հայտնի են նաև «Օրինաց երկիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարգախոսները։

Առաջինն ընտրել է «Օրինականություն, արդարություն և ապահովություն» կարգախոսը։ Քաղտեխնոլոգն այս կապակցությամբ հայտարարեց, թե քանի որ կուսակցությունը խորհրդարան անցնելու որևէ շանս չունի, ապա նրա կարգախոսը քննարկել ևս իմաստ չունի։

Նա կարծում է, որ կարգախոսներ ընտրելով, քաղաքական ուժերը, ամենայն հավանականությամբ, ղեկավարվում են մարդկանց գոհացնելու ձգտումով. արդյունքում նեղություն չեն կրում երկար մտածելու և որևէ ծավալուն ու դիպուկ կարգախոս ընտրելու համար։

Աշոտյան. «Մտահոգությունների շարքը շատ մեծ է` անվտանգությունից մինչև գների բարձրացում»

«Լուսավոր Հայաստանի» կարգախոսը ամբողջությամբ արտացոլում է կուսակցության անվանումը, այն հետևյալ կերպ է հնչում. «Լուսավորիր Հայաստանը»։  Բադալյանն այս կարգախոսը բավական պրակտիկ է համարում։ Նա կոնկրետ գործողություն է ենթադրում, ինչը, ընդհանուր առմամբ, արդարացված է հակիրճ և պրագմատիկ լինելու տեսանկյունից։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզարշավը կտևի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը։ Ընտրություններին 11 կուսակցություն և դաշինք է մասնակցում։