ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Երևանի Նորագավիթ թաղամասում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Ինչպե՞ս տեղեկացնում է Shamshyan.com-ը, նոյեմբերի 23-ին, ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։
Նրանք են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Ղավալյանը և Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղում վիճաբանել են իրար հետ, որից հետո Ռ. Անդրանիկյանը իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է Երևան քաղաքի Մազմանյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Ղևոնդյանի ուղղությամբ, ով, ըստ տեղեկությունների, վնասվածք է ստացել։
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը։