Աշոտյան. «Մտահոգությունների շարքը շատ մեծ է` անվտանգությունից մինչև գների բարձրացում»
© Sputnik
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ իշխանափոխությունից անմիջապես հետո ու մինչև այսօր Հանրապետական կուսակցությունը հայտնել է իր մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի, սոցիալ–տնտեսական խնդիրների, արտաքին քաղաքական ասպարեզում առկա մարտահրավերների մասին։
«Մենք չենք սպասել քարոզարշավին, որ քննադատենք կառավարությանը կամ վարչապետին։ Այսօրվա դրությամբ մենք եզակի, բացառիկ քաղաքական ուժն ենք, որ չենք խորշում քննադատությունից` բազմաթիվ խնդիրներ բացահայտելով»,–ասում է Աշոտյանը և ընդգծում, որ ամիսների արդյունքում կուտակված մտահոգությունները բյուրեղացել են այս կարգախոսում։
Նրա խոսքով` մտահոգությունների շարքը շատ մեծ է` Հայաստանի և Արցախի անվտանգությունից մինչև գների բարձրացում և անորոշ ապագա։