Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» հիմնադրամին անձնական և ոչ անձնական նվիրատվություն է արել

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահի դրությամբ արդեն մասնակցել են հեռուստամարաթոնին և իրենց նվիրատվությունն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը` նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան է այցելել հիմնադրամի գրասենյակ:

«Բերքառատ Արցախին» հաջորդում է «Արարենք միասինը»

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահի դրությամբ արդեն մասնակցել են հեռուստամարաթոնին և իրենց նվիրատվությունն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Ցանկանում եմ հույս հայտնել, որ մնացած մեկ ժամվա ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցներ կհասցնեն իրենց նվիրատվությունն անել հիմնադրամին, որովհետև այդ գումարները ծախսվելու են Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կարևոր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերի համար:

Սիրելի հայրենակիցներ, այս նոր ժամանակաշրջանը չափազանց կարևոր է և մեր համազգային խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում: Իհարկե, հեռուստամարաթոնն այդ համախմբման ձևերից մեկն է և մենք այս ճանապարհով դեռ պետք է գնանք, որպեսզի հասնենք համախմբման և միասնության այն մակարդակի, որը երկար տարիներ երազել ենք»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը ընդգծել է, որ կասկած չկա, որ ստեղծելու ենք իսկապես միասնական, ազատ և երջանիկ Հայաստան: