«Մենք Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունենք». Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է, թե Թուրքիան ինչ դիրքորոշում ունի արցախյան խնդրի լուծման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին:

Ըստ ermenihaber.am–ի` նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում խնդրի կարգավորման գործում ՌԴ-ն մեծ դեր ունի: Քալընը կրկնել է Թուրքիայի կողմից շահարկվող տեսակետը, որ 1992թ հիմնված Մինսկի Խումբը մինչև այժմ չի կարողացել իրենից ակնկալվող արդյունքը տալ, ինչի պատճառով էլ հիմնախնդիրը շարունակում է սառեցված մնալ:

Խոսելով արցախյան խնդրի լուծման հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին՝ Քալընը նշել է, որ Թուրքիան հիմնախնդրին վերաբերող մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել: Ըստ Քալընի՝ այդ հարցում սերտորեն համագործակցել են ռուս գործընկերների հետ, սակայն ինչ-որ ուժերի խառնվելու արդյունքում գործընթացը ձախողվել է:

«Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հողերն արդեն Ադրբեջանին վերադարձվեն, դադարի Հայաստանի օկուպացիան»,- ասել է Քալընը՝ նշելով, որ երբ դա տեղի ունենա, դրանից ամենաշատը Հայաստանը օգուտ կքաղի:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի: