ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Ռոբերտ Քոչարյանը պետական պաշտպանության ենթական անձ է, և նրա անվտանգությունը պահպանվում է պետության կողմից»։ Այս կարծիքն այսօր լրագրողների հետ զրույցում արտահայտեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների` Ռոբերտ Քոչարյանն այժմ ազատության մեջ է դիտարկմանը։
Լրագրողների հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը առաջիկա ընտրություններին չի մասնակցում, կարո՞ղ եք ասել, որ չեզոքացրել եք նրանից եկող վտանգները, Փաշինյանն ասաց, որ իրենք ոչ մեկին չեն չեզոքացում, ամեն մարդ ինքն է իրեն չեզոքացնում կամ չի չեզոքացնում։
Հիշեցնենք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից:
Այնուհետև որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: