«Լուսավոր Հայաստանը» խոստանում է լուսավորել Հայաստանն ու փոխել հարկային օրենսգիրքը

«Լուսավոր Հայաստանը» ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, կարգախոսն ու պատմել, թե կուսակցությունն ինչ հավակնություններով է մասնակցելու ԱԺ ընտրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հավակնում է դառնալ խորհրդարանական երկրորդ ուժը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

«Ինչո՞ւ 2-րդ, որովհետև առաջին միավորի հարցն արդեն իսկ լուծված է։ Հեղափոխության կանոններն այդպես են՝ միշտ հեղափոխություն իրականացրած ուժը դոմինանտ աջակցություն է ունենում։ Դեկտեմբերի 9-ին ընտրելու են մյուս ուժերին, ընտրվելու է ընդդիմությունը»,- ասաց նա։

«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը կիրականացնի 2 խմբով` մի խումբը կշրջի համայնքներում, մյուսը` Մանե Թանդիլյանի գլխավորությամբ`Երևանում։

Հանրապետականը բացահայտեց իր կարգախոսը

Կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային դրույթները ներկայացնելով` Մարուքյանն ասաց, որ խորհրդարան հասնելուց անմիջապես հետո սեղանին են դնելու Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագիծը։

«Առաջին բանը, որը «Լուսավոր Հայաստանը» խոստանում է, հարկային բեռի, ակցիզային հարկի թեթևացումն է լինելու»,– ասաց Մարուքյանը։

Կուսակցությունն ընտրարշավին կմասնակցի «Լուսավորիր Հայաստանը» կարգախոսով։

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունը կայանալու է 2018թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։