Հայաստանի բաժանորդներն ավելի շատ լույս կունենան. էլցանցը 100%–ով կավտոմատացվի

SCADA համակարգը կավտոմատացնի էլեկտրաէներգիայի մատակարարումն ու առաքումը և՛ էլեկտրակայաններում, և՛ ցանցում։ Դա թույլ կտա կրճատել էլեկտրամատակարարման խափանումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Էլեկտրամատակարարման համակարգը 100%–ով ավտոմատացնելու գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերին։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ընկերության տնօրեն Մնացական Մնացականյանը։

Էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է նվազեցնել 3 դրամով. ինչպե՞ս

Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին Ճապոնիայի կառավարության տրամադրած արտոնյալ վարկով։ Ընդհանուր գաղափարն է ավտոմատացնել էլեկտրաէներգիայի արտադրման ու բարձավոլտ մատակարարման բոլոր հրահանգները, իսկ հետո` ցածր լարվածության ցանցը։

«Նախագիծը շատ լավն էր, բայց չկարողացանք ծածկել ամբողջ դաշտը, այդ պատճառով 2015–ին սկսեցինք այդ համակարգն ընդլայնել արդեն Ասիական զարգացման բանկի վարկով, որը նույնպես տրվեց ցածր տոկոսադրույքով», – ավելացրեց Մնացականյանը։

Նախագիծն իրականացվում է Siemens ընկերության մասնակցությամբ։

«Մենք կունենանք 100 տոկոսով ավտոմատացված համակարգ։ Դրանց արդյունքում կկրճատվեն վթարային անջատումները, և կվերանան սպառողների արդարացի բողոքները, թե լույս չկա»,– ասաց նա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով`2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի բաժանորդներն էլեկտրականությունից զրկվել են միջինը 475 րոպե (այսինքն` կես տարվա մեջ մոտ ութ ժամ)։ Սա բոլոր բաժանորդների միջինացված ցուցանիշն է (լինի բնակարան, ձեռնարկություն թե հաստատություն)։ Հատկանշական է, որ ամենացածր ցուցանիշը գրանցվել է ոչ թե Երևանում, այլ Տավուշի մարզում (245 րոպե, այսինքն` չորս ժամից մի փոքր շատ)։ Ցուցանիշը հազար րոպեի է հասել Վայոց Ձորի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերում։

Ավտոմատացումն անհրաժեշտ է նաև հարևան երկրների հետ էլեկտրականության փոխհոսքերը կառավարելու համար։ 2019 թվականին կավարտվի Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Իսկ հիմա նախատեսվում է նմանատիպ նախագիծ իրականացնել Վրաստանի ուղղությամբ։ Սա թույլ կտա ընդլայնել հարևանների հետ էլեկտրաէներգիայի վաճառքը։