Էջմիածնի Մայր Տաճարը միառժամանակ փակ կլինի այցելությունների և արարողությունների համար

Մայր Աթոռից հայտնում են, որ աղոթասացությունը Էջմիածնի Մայր Տաճարում չի դադարելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը շաբաթվա ընթացքում ժամերգություններին կմասնակցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, իսկ կիրակի օրերին միաբանությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են նաև, որ այդ ընթացքում աղոթասացությունը Մայր Տաճարում չի դադարելու, կմատուցվեն կիրակնօրյա պատարագներ` մի քանի միաբանների մասնակցությամբ: