Ինչո՞ւ են Հայաստանում աշխատավարձերը ցածր. պատասխանում է նախարարի պաշտոնակատարը

Բիզնեսն ուզում է բարձրացնել արդյունավետությունն ու վերազինվել։ 2018 թվականին կտրուկ աճել է սարքավորումների ներկրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ցածր աշխատավարձերը կապված են ցածր արտադրողականության հետ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

Բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը կբարձրանան. Թորոսյանը թվեր հրապարակեց

«Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է 5 ԱՄՆ դոլարին համարժեք արդյունք: Արևմտյան Եվրոպայի առավել զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը 12 անգամ է բարձր: Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում մասնավոր հատվածը ներկայացնող ձեռնարկություններում արտադրողականությունը բարձրանա», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` արտադրողականության բարձրացման խնդրի լուծման համար պետք է տեխնիկապես ապահովել մասնավոր հատված, զինել այն՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

«Բիզնեսը ձգտում է բարձրացնել իր արտադրողականությունը։ 2018 թվականի հունվար–հոկտեմբերին սարքավորումների ու արտադրության միջոցների ներկրումը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62%–ով։ Իսկ նոր սարքավորումը նոր արտադրողականություն է», – նշեց Խաչատրյանը։

Հայաստանում միջին աշխատավարձը 178 հազար դրամ է։