Ի՞նչ գումար է «Հայաստան» հիմնադրամին հանգանակել ԱԱԾ–ն. պարզաբանում

Գերատեսչությանը մտահոգել են այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցիալական կայքերում շրջանառվող լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից։ Այս մասին գրված է ՀՀ ԱԱԾ–ի այսօր տարածած պարզաբանման մեջ։

ՀՀ ԱԱԾ–ն «Հայաստան» համահայկական հիմնադրամին մոտ 10 միլիոն դրամ է նվիրաբերել

Գերատեսչությանը մտահոգել են այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցիալական կայքերում շրջանառվող լուրերը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: «Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Հեռուստամարաթոն-2018»–ի շրջանակներում «Հայաստան» հիմնադրամին է նվիրաբերել  9 527 540 դրամ: