ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Երևանի Շենգավիթ թաղամասի սեփական տան հրդեհի պատճառով մեկ մարդ է տուժել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այսօր`նոյեմբերի 22-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ այրվում է երկհարկանի բնակելի տան 2-րդ հարկը: Փրկարարները 1957 թ. ծնված Ա. Մ.-ին և 1937 թ. ծնված Թ. Խ.-ին դուրս են բերել տնից: Ա. Մ.-ն գլխի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», իսկ Թ. Խ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:20-ին: