ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Օրենքով գող» Զաքար Քալաշովի (հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, նրան նաև անվանում են երկրի գլխավոր գող) աղմկահարույց գործին Մոսկվայի քաղաքային դատարանը վերջակետ կդնի նոյեմբերի 28–ին, հաղորդում է kompromat1–ը։
Նոյեմբերի 21–ին քննվել է 64–ամյա Քալաշովի բողոքարկումը, սակայն մի քանի ժամ քննարկումից հետո որոշում է կայացվել տեղափոխել նիստը։
«Նիստը տեղափոխվել է նոյեմբերի 28-ին։ Այդ օրը Քալաշովին հնարավորություն կտան արտահայտել իր դիրքորոշումը», – հաղորդել են Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունից։
Սպասվում է, որ այդ օրը շորթման համար ազատազրկման լուրջ ժամկետ ստացած հեղինակությունը, ինչպես նաև գործի երկու մասնակիցները կասեն վերջին խոսքը։ Դրանից հետո բողոքարկման կոլեգիան որոշում կկայացնի պաշտպանության բողոքի վերաբերյալ։
Մոսկվայի քաղաքային դատարանում Շաքրո Մոլոդոյի և մյուս մասնակիցների փաստաբանները փորձում են հասնել Մոսկվայի Նիկուլինյան դատարանի վճռի չեղարկմանը։ Մարտի 29–ին դատարանը 12 մեղադրյալներին ուղարկել է գաղութ` 7 տարի 4 ամսից մինչև 9 տարի 10 ամիս ազատազրկման ժամկետներով։ Ընդ որում` ամենամեծ ժամկետը ստացել է 65–ամյա Զաքար Քալաշովը։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել երկու դրամաշորթություններ կազմակերպելու մեջ, որից մեկն ավարտվել է երկու մարդկանց սպանությամբ։
Զաքար Քալաշովը դատապարտվել է 9 տարի 10 ամիս ազատազրկման։
Նախատեսվում է, որ նոյեմբերի 28–ին վերջին խոսքը կասեն Անդրեյ Կոչուկովը` Իտալացի մականունով և 48–ամյա Բատիր Բեկմուրադովը` նախկինում շքանշանակիր, օդային–դեսանտային զորքերի կապիտան, որը մտել է քրեական աշխարհ։
Քանի որ Շաքրո Մոլոդոյը դուրս կգա բանտից 10 տարի հետո, գողական աստիճանակարգում տեղի են ունեցել փոփոխություններ, գրում է ura.news–ը։
Բոլոր բոսերի բոսը պետք է ղեկավարի` գտնվելով ազատության մեջ։ Ուստի 2018թ–ի օգոստոսին «օրենքով գողերի» հավաքի ժամանակ քվեարկության միջոցով Ռուսաստանի նոր գլխավոր գող է ընտրվել 54–ամյա Օլեգ Շիշկանովը` Շիշկան Ռամենսկի մականունով։