ՀՀ ԱԱԾ–ն «Հայաստան» համահայկական հիմնադրամին մոտ 10 միլիոն դրամ է նվիրաբերել

Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Հայաստան» հիմնադրամին է նվիրաբերել  9 527 540 դրամ:

Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նաև անձնական ներդրում է արել, նա հիմնադրամին է փոխանցել իր մեկ ամսվա աշխատավարձը։

«Հիմնադրամի գրասենյակ այցելած առաջին նվիրատուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էր՝ որդու հետ: Նա փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը։ Վանեցյանը վստահեցրել է, որ նվիրաբերված ամեն դրամը ծառայելու է նպատակին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է սկսում. ինչի՞ն են ծառայելու նոր միջոցները

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 21 տեղական մարմինները և գործընկեր կազմակերպությունները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 19 երկրներում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Իրանում, Նիդեռլանդներում և Իտալիայում: